«Մենք ապրում ենք բարդ և լարված ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական զարգացումների փուլում. գլոբալ մարտահրավերների առաջ է կանգնած ամբողջ աշխարհը, մեր տարածաշրջանը, բնականաբար՝ նաև մեր երկիրը։ Հաշվի առնելով մեր պատմությունը, պետության աշխարհագրական դիրքը, ծառացած խնդիրները՝ մենք պետք է գործենք հստակ, գրագետ և վճռական. սխալվելու իրավունք պարզապես չունենք»,- ՕՐՕ դաշինքի համաժողովում իր ելույթն այսպես սկսեց Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ նա նշեց. «Ես պնդում եմ, որ բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերի ղեկավարները պետք է հանդես գան Ղարաբաղի խնդրի վերաբերյալ իրենց հստակ տեսակետներով։ Ավելին՝ ես բոլոր առաջնորդներին հրապարակային քննարկման կոչ եմ անում, քանզի այն սերտորեն շաղկապված է Հայաստանի անվտանգության խնդրի և տարածաշրջանում խաղաղ գոյատևման խնդրի հետ: Հայ և ադրբեջանցի ժողովուրդներն ապրել են և ապրելու են կողք կողքի: Նրանք խաղաղություն են ուզում, բայց որպեսզի մեր տարածաշրջանում ձևավորվի խաղաղության և հանդուրժողականության մթնոլորտ, պետք է լուծել հետևյալ խնդիրները։
1. Պահպանել անվտանգության բալանսը Հայաստանի և Ադրբեջանի միջև. բալանսի խախտումը հղի է անկանխատեսելի հետևանքներով։
2. Երկու ժողովուրդների միջև ակտիվորեն խրախուսել, այսպես կոչված, ժողովրդական դիվանագիտությունը` փոխվստահության մթնոլորտ ձևավորելու նպատակով, այլապես այս խնդրի կարգավորման մասին խոսելը անպտուղ և անիմաստ կլինի: Անցած տարվա ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ անվստահության մթնոլորտը մեզ կարող է էապես հեռացնել բանակցային գործընթացից:
3. Խնդրի կարգավորման արդյունքում չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ կամ միակողմանի զիջումներ. նման լուծման արդյունքում երկարատև խաղաղություն չի կարող հաստատվել ժողովուրդների միջև:
Անշուշտ, Արցախյան խնդրի կարգավորման հարցում չափազանց կարևոր դեր են կատարում Մոսկվան, Վաշինգտոնը, Փարիզը: Բայց և բոլորս պետք է գիտակցենք, որ, այնուամենայնիվ, այս խնդրի լուծման բանալին գտնվում է Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում: Ավելին՝ վերջնական խոսքը պետք է լինի Ստեփանակերտինը:
Որպես փաստ՝ Արցախն արդեն ինքնորոշված է։ Խնդրի լուծման հիմքում պետք է լինի Արցախի ինքնորոշման քսանհինգամյա իրողությունը, ինքորոշման իրավունքի իրացումը միջազգային հարթությունում, որից հետո պետք է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանների ճշգրտում լինի: Հավատացեք՝ դա հնարավոր և իրագործելի է, կամք և հետևողականություն է պետք:
Գոյություն ունեն արժանապատիվ խաղաղության բանաձևեր, և այս նպատակին պետք է ծառայեցվեն մեր պետության և ողջ հայ ժողովրդի ռեսուրսներն ու ջանքերը։
Պետք է Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը և տևական խաղաղություն ապահովենք:
Փոխհամաձայնության շրջանակներում իսկապես կարող են լինել փոխադարձ զիջումներ՝ հիմնված բացառապես ռազմական և այլ ոլորտի փորձագիտութձան վրա։ Այս պահին, սակայն, շրջանառության մեջ առկա «փոխզիջումային» սցենարներն անտրամաբանական են և անընդունելի, հատկապես որ պաշտոնական Բաքուն իր կողմից որևէ փոխզիջման մասին չի խոսում և ունի ագրեսիվ կեցվածք, ինչը վտանգ է ներկայացնում մեզ համար: Չնկատել այդ վտանգը՝ նշանակում է տրվել ինքնախաբեության:
Արցախյան հիմնախնդրի լուծումը մեծապես կախված է Հայաստանի արտաքին քաղաքականության և դիվանագիտության արդյունավետությունից։ Իբրև արտաքին քաղաքականության առանցք՝ ես կարևորում եմ հայ-ռուսական հարաբերությունները, որոնք նոր որակի և մակարդակի պետք է բարձրացվեն, իսկ աշխարհաքաղաքական այլ բևեռների հետ դրանց ճշգրիտ համադրումը մեր արտաքին քաղաքականության և դիվանագիտության հաջողության գրավականները կլինեն»։